October 1

Կոմիտասի նամակները

Կոմիտասի ժառանգության կարևոր մասն են կազմում նրա նամակները։ Դրանք մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային-հասարակական կյանքի խոսուն վկաներն են։ Կոմիտասը նամակագրական կապի մեջ է եղել հայ մտավորականության և հոգևորականության շատ ներկայացուցիչների հետ, կիսել իր մտորումները՝ մերթ ներկայանալով որպես հոռետես և անաչառ քննադատ, մերթ՝ լավատես։ Նամակներն հնարավորություն են ընձեռում «շփվել» և ավելի լավ ճանաչել հանճարեղ արվեստագետին՝ բացառիկ գրավչությամբ, համեստությամբ, խորաթափանց մտքով և ինքնատիպ սրամտությամբ օժտված Կոմիտասին։
Կոմիտասի հարյուրավոր նամակներից ներկայացնում եմ միայն մի քանիսը՝ որոշակի կրճատումներով։

Մարգարիտ Բաբայանին 1906, 8 դեկտեմբեր, Փարիզ

Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր

Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն

Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիս, Կ.Պոլիս

Սիրելի Սպիրիդոն ջան,
Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ:
Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան:
Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել:
Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում:

Քոյդ Կոմիտաս


Posted October 1, 2020 by manukyantamara in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*