December 22

Դեպի Էջմիածին💛

Բարև։💛 Այսօր մենք մեր կուրսով ունեցանք հետաքրքիր շրջայց Էջմիածնում։ Մեզ հետ էին ընկեր Բելլան, Պատվելի Թամարը և երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները։ Ծանոթացանք Էջմիածնի պատմամշակութային վայրերի հետ։ Մեր շրջայցը ուներ նաև ուսումնական նպատակ։💛 Երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ որպես գիդ, մեզ ներկայացնում էին Էջմիածնի տեսարժան վայրերը։ Ասեմ, որ նրանց մոտ դա շատ լավ էր ստացվում։ Ամեն ինչ շատ կազմակերպված էր ընթանում և մենք ունեցանք հետաքրքիր շրջայց։ Սա միայն նախաբանն էր, իսկ հիմա մանրամասն ներկայացնեմ մեր անմոռանալի օրը։💛

Առավոտյան, եթե անկեղծ ժամը չեմ հիշում, չնայած ժամն այստեղ այդքան էլ էական չէ, մենք  տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և շարժվեցինք։ Սկզբում ծանոթացանք երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների հետ։ Միասին զրուցեցինք, որոշ չափով ճանաչեցինք միմիանց։💛Բոլորն էլ շատ դրական ու գեղեցիկ աղջիկներ էին։ Հասանք տեղ։ Առաջին կանգառը Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին էր։ Սկզբում 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Սերգեյանը մեզ մուտքի մոտ ներկայացրեց պատմությունը, կամ նախաբանը, ապա Միլենա Շանոյանը շարունակեց նրան և մեզ ներկայացրեց եկեղեցու պատմությունը, եկեղեցու կառուցվածքի և Հռիփսիմեի դամբարանի մասին։ Հետո մտանք եկեղեցի։💛 Նախ ասեմ, որ ինձ շատ դուր եկավ եկեղեցու կառուցվածքը և ձևը։ Եթե ճիշտ եմ հիշում, եկեղեցին կառուցված էր հենց դամբարանի վրա։ Առաջացանք, տեսանք դամբարանը։ Եկեղեցին իրականում շատ գեղեցիկ էր և ինձ շատ դուր եկավ։💛

Հետո շարժվեցինք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցին տեսնելու։💛Եկեղեցին վերանորոգման շրջանում էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Մուտքի մոտ 3-րդ կուրսի ուսանողուհի Նինել Աղանյանը մեզ ներկայացրեց՝ նախ դարպասների նշանակությունը, ապա առաջացանք և ցանոթացանք ընդհանուր տարածքի հետ։💛 Հետո 3-րդ կուրսի ուսանող և մեր շրջայցի միակ տղան՝ Անդրանիկ Սադաղյանը, մեզ ներկայացրեց խաչքարերի մասին։ Նրան շարունակեց Պատվելի Թամարը և ներկայացրեց տարածքի խաչքարերի մասին։ Հիշում եմ, որ այնտեղ տեսանք Վազգեն Ա-ի Ջուղայից «փրկած» խաչքարերը։💛Շարժվեցինք առաջ։ Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի մասին մեզ ներկայացրեց 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Գոհար Ջհանգիրյանը։💛 Նրան շարունակեց իր կուրսեցի՝ Անի Պետրոսյանը։ Խոսեցինք մկրտվելու մասին։ Ապա միմյանց լրացումներ արեցինք և շարունակեցինք։ Տեսանք նաև մեր այդքան լսած և սպասված Գևորգյան ճեմարանը։

Որից հետո քայլեցինք դեպի ավտոբուսը։💛Գնում էինք տեսնելու Սուրբ Գայանե եկեղեցին։ Տեղ հասնելուն պես, 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Արփի Մարգարյանը, մեզ պատմեց Գայանեի և իր դամբարանի մասին։ Այնուհետև Ռուզաննա Մարգարյանը շարունակեց պատմությունը և մեզ ուղեկցեց տեսնելու Սբ․ Գայանեի դամբարանը, որը գտնվում էր եկեղուցու ներսում։💛 Հիշում եմ, որ եկեղեցին կառուցված է Սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Ուսումնասիրեցինք տարածքը, կար նաև գերեզմանատուն։ Պատվելի Թամարը մեզ ցույց տվեց Խենթի գերեզմանը։ Ապա շարժվեցինք Մաչանենց տուն, իմ այցելած ամենահետաքրքիր ու գեղեցիկ վայրը։ Այն գտնվում է Բալենիների փողոցի գողտրիկ անկյուններից մեկում։ Գիդը մեզ ներկայացրեց Մաչանենց տան մասին։ Մաչանենց անվան ծագումը գալիս է Խոյի բարբառի մաչ-պաչ արմատից, որն էլ նշանակում է համբույր։ Ներս մտնելն արդեն հերիք էր հիանալու համար։ Այնտեղ կար շատ գեղեցիկ Արվեստաց դպրոց, Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա, և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»։ 💛Այնտեղ սովորում են 250 երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամ, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով երեխաներ։ Այնտեղ կար նաև գինետուն։ Շրջեցինք, ուսումնասիրեցինք, նկարվեցինք և բարձր տրամադրությամբ գնացինք մեր վերջին կանգառը՝ Զվարթնոցի տաճարը։ Այստեղ քայլեցինք, նկարվեցինք, իսկ Անի Պետրոսյանը մեզ ներկայացրեց Զվարթնոցի պատմությունը։ Շատ հետաքրքիր պատմություն ուներ, տեսանք առաջվա արևային  ժամացույցը։💛

Ահա այսքանը մեր շրջայցից։💛Շնորհակալություն եմ հայտնում մեր 3-4-րդ կուրսերի ուսանողներին, Պատվելի Թամարին և ընկեր Բելլային, մեր օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողների ներկայացրածին, կասեմ, որ շատ հիանալի և կազմակերպված աշխատանք էր։ Բոլորն էլ շատ հմուտ էին իրենց գործում։ Շնորհակալություն չանտեսելու և ընթերցելու համար։💛