January 22

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր💛

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

January 22

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս💛

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…