March 3

Օնտոգենեզ💛

Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը յուրաքանչյուր անհատի զարգացումը՝ սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև նրա մահը։ Բեղմնավորումից առաջացած զիգոտը, ինչպես անսեռ բազմացման ժամանակ մայրական օրգանիզմից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին։

Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ արոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։

Օնտոգենեզը տվյալ օրգանիզմի արտաքին միջավայրի կոնկրետ պայմաններում ժառանգական հնարավորությունների դրսևորումն է։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմական անցյալը։ Բնության մեջ սկիզբ առնելով և պատմական երկար ժամանակաշրջանում փոփոխությունների ենթարկվելով, այն հասել է իր ներկա վիճակին։ Տեսակի անցած այդ երկար ուղին՝ ճանապարհը, կոչվում է ֆիլոգենեզ։ Օնտոգենեզը և ֆիլոգենեզը սերտ կապի մեջ են և միմյանցով պայմանավորված։ Օնտոգենեզի մասին ուսմունքը կենսաբանական բնագավառ է, որն ուսումնասիրում է կենդանի էակի զարգացման պրոցեսը նրա ծնվելուց սկսած մինչև մահը։

Միաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք բազմանում են վեգետատիվ ճանապարհով, այդ փոփոխություններն անհամեմատ շատ են հատկապես բազմաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք օժտված են սեռական բազմացումով։

Բազմաբջիջ օրգանիզմներում օնտոգենեզը բաժանվում է երկու շրջանների՝ սաղմնային  և հետսաղմնային ։ Առաջինը բեղմնավորումից մինչև ծնվելն է, երկրորդը՝ ծնվելուց հետո (սաղմնային թերթիկներից դուրս գալուց հետո), մինչև մահը։

Փուլեր

Օնտոգենեգի փուլերը, որոնցով անցնում է կենդանի օրգանիզմների զարգացումը, ունեն էական հարմարողական նշանակութուն։ Նրանց հաջորդականությունը և առանձնահատկությունները բնական ընտրության գործունեության արդյունք են։
Տարբերում են օնտոգենեզի 2 հիմնական փուլ.

  1. սաղմնային զարգացում
  2. հետսաղմնային զարգացում

Տարբերվում են ողնաշարավոր կենդանիների օնտոգենեզի չորս հիմնական փուլերը սաղմնային, երիտասարդական, հասունացման և ծերացման։

Առաջին երեք փուլերը կարևոր հարմարողական նշանակություն ունեն և անհրաժեշտ են տեսակի բազմացման ու պահպանման համար։ Այդ փուլերում բնական ընտրությունը նպաստում է օգտակար գենոտիպերի պահպանմանը։ Խանգարում է նրանցում մուտացիաների առաջացմանը, որոնք կարող են տարբեր շեղումների պատճառ հանդիսանալ և իջեցնել կենսունակությունը։

Ծերացում

Այլ է չորրորդ՝ ծերացման փուլը, այն տեսակի գոյության կռվում նրա հաջողության գործում դեր չի խաղում։ Այդ պատճառով էլ բնական ընտրությունը չի հեռացնում օնտոգենեզի փոփոխություններ առաջացնող գենոտիպերը, որոնք տանում են նյութափոխանակության տարբեր խախտումների և այդ փուլում իջեցնում են կենսունակությունը։ Հենց չորրորդ փուլում են դրսևորվում օրգանիզմի ծերացման փոփոխությունները, որոնց արդյունքում օրգանիզմը զառամյալ է դառնում և մահանում։

Ավելին, եթե ծեր օրգանիզմները ընդունակ չեն լինում բազմացման, բայց մրցակցում են երիտասարդների հետ սննդի, տեղի համար և դրանով փոքրացնում են նրանց հետագա սերնդի քանակությունը։ Բնական ընտրությունը միջամտում է այնպիսի գենոտիպերի դրսևորմանը և տարածմանը, որոնք վերահսկում են բազմացման ընդունակությունը կորցրած օրգանիզմների կործանմանը անմիջապես նպաստող մեխանիզմները։

Հայտնի են մի շարք օրգանիզմներ, որոնք անմիջապես ոչնչանում են բազմացման ընդունակությունը կորցնելուց հետո. օրինակ՝ միամյա բույսերը սերմերի հասունանալուց հետո, անողնաշարավոր կենդանիները՝ բեղմնավորումից և ձվադրումից հետո։

Բազմամյա բույսերի և կենդանիների մոտ, որոնք բազմիցս բեղմնավորվում են և ձվադրում՝ սեռական ձևերի կյանքի տևողությունը երկար է, իսկ այնպիսի կենդանիների մոտ, որոնք սերնդի հանդեպ հատուկ խնամք են տանում, հետվերարտադրողական կյանքի տևողությունը ավելի երկար է, և նույնքան էլ երկար է օնտոգենեզի չորրորդ փուլի՝ ծերության շրջանը։

Մարդու մոտ սերնդի հանդեպ խնամքը և դաստիարակությունը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նրանք ռեպրոդուկտիվ ընդունակությունը կորցնելուց հետո ավելի երկար են ապրում, քան կենդանիները։

Մարդու մոտ ծերության փուլը հարմարողական նշանակություն ունի։ Դա պայմանավորված է սոցիալական փորձի կուտակման և այն սերնդին փոխանցելու հետ։ Այս գործին ակտիվ մասնակցություն են ունենում տարեց, փորձառու մարդիկ։ Բայց ի վերջո վրա է հասնում ծերությունը, որը կապված Է օրգանիզմի հիմնական գործառնությունների թուլացման հետ, որն անխուսափելիորեն հանգեցնում է օրգանիզմի մահվան։

Օրգանիզմների անհատական զարգացման ընթացքը պայմանավորված է գենետիկական գործոնների փոփոխություններով։

Տարբեր աստիճանների վրա կանգնած կենդանիների օնտոգենեզը տարբեր ընթացք ունի։ Վիրուսներին, բակտերիաներին հատուկ են օնտոգենեզի ամենապարզ պրոցեսները։ Ավելի բարդ կազմավորված կենդանի համակարգերի համար օնտոգենեզի տարբեր փուլերում նյութափոխանակության բնույթի փոփոխությունները բարդ են և բազմազան։

Բազմաբջիջ բույսերի և կենդանիների օնտոգենեզը նույնպես տարբերվում է։


Posted March 3, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*