March 12

Գենետիկա💛

Գենետիկա բառը ծագել է հունարեն՝ γενετικός՝ սեռական և γένεσις՝ ծագում բառերից:
Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար։

Միայն գենետիկական տեսանկյունից է հնարավոր բոլոր կենդանի օրգանիզմները և նրանցում ընթացող պրոցեսները դիտարկել որպես մի ամբողջություն։ Կատուն միշտ ունենում է կատվի ձագ, իսկ շնից միշտ ծնվում է շուն։ Դա նշանակում է, որ բեղմնավորման ժամանակ փոխանցվում և անհատական զարգացման ժամանակ իրագործվում է օրգանիզմի սպեցիֆիկ կառուցվածքի՝ բջիջների, օրգանների, կմախքի, մկանների և ընդհանուր արտաքին կառուցվածքի, ֆիզիոլոգիական և վարքի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան։ Մի օրգանիզմի սահմաններում բոլոր բջիջների համար նույնական ինֆորմացիան իրագործվում է առաջացնելով իրարից տարբերվող բջիջների այնպիսի բազմազանություն, որ նույնիսկ դժվար է հավատալ նրանց ընդհանուր ծագմանը։

Սկզբնական շրջանում գենետիկան հետազոտում էր ժառանգականության և  փոփոխականության ընդհանուր օրինաչափությունները՝ հիմնվելով ֆենոտիպային  տեղեկատվության վրա։ Ներկայումս հայտնի է, որ գեները իրենցից ներկայացնում են հատուկ ձևով նշված ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հատվածներ։ Էուկարիոտ բջիջներում ԴՆԹ-ն պարուրված է քրոմոսոմներում և գտնվում է բջջակորիզի մեջ։ Բացի դրանից ԴՆԹ կա նաև միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ (Ցիտոպլազմային ժառանգականություն)։  Պրոկարիոտերի մոտ որպես կանոն ԴՆԹ-ն գտնվում է ցիտոպլազմայում և շղթայաձև է (բակտերիալ քրոմոսոմ կամ գենոֆոր)։ Շատ հաճախ պրոկարիոտերի ցիտոպլազմայում հանդիպում են ԴՆԹ-ի փոքր չափսերով մոլեկուլներ, որոնք կոչվում են պլազմիդներ:

Գեն

Գեն (հին հունարեն γένος՝ ծագում), կենդանի օրգանիզմների ժառանգականության, կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ «Գեն» տերմինը մտցվել է 1909 թվականին` դանիացի բուսաբան Վիլհելմ Յոհանսենի կողմից։ Գենը իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի հատված, որն իր մեջ պարունակում է ինֆորմացիա սպիտակուցի առաջնային կառուվածքի կամ ֆունկցիոնալ ՌՆԹ-ների կառուցվածքի մասին։ Գեների տարբեր ալելները որոշում են կենդանի օրգանիզմների ժառանգական հատկանիշները, որոնք բազմացման միջոցով ծնողներից փոխանցվում են ժառանգներին։ Միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ գտնվող ԴՆԹ-ն իր հերթին որոշում է նրանց համապատասխան հատկանիշները և չի մտնում օրգանիզմի գենոմի կազմի մեջ (ցիտոպլազմային ժառանգականություն)։

Որոշ միաբջիջ օրգանիզմների մոտ գոյություն ունի մի պրոցես, որի ժամանակ տեղի է ունեում գեների հորիզոնական տեղափոխություն մի բջջից դեպի մյուս բջիջ, և այն կապ չունի բազմացման հետ։

Գենետիկայի պատմություն

Գենետիկայի վերաբերյալ առաջին ենթադրություններն արվել են շատ վաղուց։ Դրանք հիմնված էին ընտանի կենդանիների, բույսերի և մարդկանց զանազան դիտումների վրա։ Դեռ այն ժամանակ մարդը որոշակի ընտրություն էր կատարել տեսակի ներսում՝ վերարտադրման համար առանձնացնելով առավել արժեքավոր հատկանիշներ ունեցող կենդանիներ և բույսեր։ Նման պարզունակ ընտրությունը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր ընտանի կենդանիների և մշակաբույսերի մեծ թվով տեսակներ։

Ժառանգականության և փոփոխականության վերաբերյալ առաջին գիտական աշխատանքը հրատարակվել է 17-րդ դարում, որտեղ գերմանացի բուսաբան  Կամերարիուսը եզրակացրել էր, որ կենդանիների նման բույսերն էլ ունեն սեռ, և բույսի 1 տեսակի փոշոտումը մյուսի ծաղկափոշով կարող է հանգեցնել միանգամայն նոր տեսակների առաջացման։ 18-րդ դարի սկզբներին նկարագրվեցին առաջին այդպիսի հիբրիդները:


Posted March 12, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*