May 2

Կենսացենոզ💛

Ըստ սահմանման՝ կենսացենոզը ըստ կազմության, տեսակների և առանձնյակների թվի՝ միջավայրի աբիոտիկ գործոնների միջին մակարդակին համապատասխանող կենդանի  ամբողջությունն է, որում օրգանիզմները սերտորոն փոխկապակցված են և անընդհատ բազմացման շնորհիվ պահպանում են իրենց գոյությունը։ Բնության մեջ կենսացենոզները լինում են տարբեր մասշտաբների։ Կենսացենոզ է համարվում ծառի վրա ապրող մամուռների խումբը, քայքայվող կոճղը, մարգագետինը, լճակը, ճահիճը, անտառը և այլն։ Ջրի, սննդի, թթվածնի մուտքը կենդանի օրգանիզմներ ապահովում է շրջակա միջավայրից նյութերի և էներգիայի հոսք։ Ֆոտոսինթեզի շնորհիվ միայն կանաչ բույսերն ու որոշ բակտերիաներն են ընդունակ ուղղակիորեն յուրացնելու արեգակնային ճառագայթման էներգիան, այն կուտակելու օրգանական միացությունների քիմիական կապերում, որը հետագայում սննդային շղթաներով բաշխվում է կենսացենոզներում։ Ակվարիումը, ջերմոցը պատկանում են արհեստական կենսացենոզների թվին։ Բնության մեջ ոչ մեծ կենսացենոզները հանդիսանում են ավելի խոշորների բաղադրիչ մասերը։ Կենսացենոզները բաց համակարգեր են և աստիճանաբար փոխվում են, այդ պատճառով որոշել կենսացենոզի սահմաները հաճախ դժվար է լինում։ Կենսացենոզի կառուցվածքի մեջ են մտնում բույսերը, կենդանիները և մանրէները։ Կենսացենոզներում առանձին տեսակները, պոպուլյացիաները և տեսակների խմբերը, առանց համակեցությանը վնաս տալու, կարող են փոխարինվել ուրիշներով։ Կենսացենոզի սահմանները համապատասխանում են բիոտոպի, հետևաբար նաև էկոհամակարգի սահմաններին։ Կենսացենոզի և բիոտոպի ու դրանց բաղադրիչների միջև անընդհատ տեղի է ունենում էներգիայի և նյութերի հոսք։

Կենսացենոզը կյանքի կազմավորման ավելի բարձր մակարդակ է, քան նրա կառուցվածքային մաս հանդիսացող պոպուլյացիան։

 

 

Կորալյան խութեր և ծովի սպունգներ, Սանտա Կրուզ, Կալիֆորնիա

Կենդանի օրգանիզմների բնական միավորումներն ունեն իրենց սեփական կազմավորման օրենքները, գործունեությունը և զարգացումը։ Կյանքի կազմակերպվածության վերօրգանիզմային մակարդակի կարևոր յուրահատկություններ են համարվում (Տիշլեր, 1971 թ.)՝

  1. Կենսացենոզը միշտ ծագում և կազմավորվում է շրջակա միջավայրում գոյություն ունեցող տարբեր տեսակներին պատկանող առանձնյակներից կամ տեսակների ամբողջ համալիրից։ Դրանով կենսացենոզը տարբերվում է առանձին օրգանիզմի կամ առանձնյակի ձևավորումից, որն ընթանում է սաղմի աստիճանկան տարբերակման ճանապարհով։
  2. Կենսացենոզի բաղադրիչները փոխարինելի են։ Մեկ տեսակը կամ տեսակների ամբողջությունը կարող է առանց ընդհանուր համակարգին վնաս տալու փոխարինվել նման էկոլոգիական պահանջմունքներ ունեցող այլ տեսակներով։ Ցանկացած օրգանիզմի օրգանները եզակի են։
  3. Կենսացենոզը գոյություն ունի հակադիր ուժերի հավասարեցման հիման վրա։ Կենսացենոզում բազմաթիվ տեսակների պահանջները լրիվ հակադիր են։ Օրինակ՝ գիշատիչը զոհի համար հանդիսանում է անտագոնիստ, սակայն երկուսն էլ գոյատևում են նույն կենսացենոզի սահմաններում։
  4. Օրգանիզմի սահմանային չափերը սահմանափակվում են գենետիկական ծրագրով, իսկ վերօրգանիզմային համակարգի չափերը որոշվում են արտաքին ուժերով։
  5. Կենսացենոզները հաճախ ունենում են միաձուլված սահմաններ։ Սակայն Իրականում դրանք գոյություն ունեն բնության մեջ։


Posted May 2, 2021 by manukyantamara in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*