February 28

Ջերմուկ💛

Ջերմ ջրերի, ակունքների, գեյզերների, ջրահարսի վարսեր հիշեցնող ջրվեժի քաղաքն է Ջերմուկը` հարուստ է իր գեղատեսիլ բնությամբ և աչք շոյող տեսարժան վայրերով:

Ջերմուկը իր գրկում հանգիստ փնտրող զբոսաշրջիկին առաջարկում է բազմաթիվ տեսարժաքն ու գրավիչ վայրեր: Քաղաքի միջով հոսում է Հայաստանի ջրառատ գետերից մեկը՝ Արփան, որի խոր կիրճը երկու մասի է բաժանում Ջերմուկ քաղաքն ու Վայոց Ձորի լեռնաշղթան:

Картинки по запросу jermuk waterfall

70 մետր բարձրությունից այս զարմանահրաշ կիրճ է գահավիժում Ջերմուկի հանրահայտ ջրվեժը՝ «Ջրահարսի վարսերը»: Այստեղ են գտնվում նաև «Երազանքի կամարն» ու «Աննման սիրտը» քարե կոթողները:

Ջերմուկ առողջարանային քաղաքի այցեքարտը հանքային ջրի ըմպելասրահն է, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում:

Похожее изображение

Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում հոսում են 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր՝ 30°C-ից մինչև 53°C: Այն քաղաքի լճակի հարևանությամբ է, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել անկրկնելի հանգիստ:

Ջերմուկի ոչ պակաս կարևոր խորհրդանիշներից է քաղաքը շրջապատող բարձր սարերից մեկի վրա գտնվող եղնիկի արձանը: Ըստ լեգենդի՝ որսորդի նետից վիրավորված եղնիկը հանքային ջրի աղբյուրի մոտ հասնելիս, իրեն ջուրն է նետում և այնտեղից դուրս գալիս լիովին ապաքինված: Որսորդը ապշում է սովորական ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի հրաշագործ համբավը:

Բնության այս գողտրիկ վայրում կան բազմաթիվ հրաշալիքներ: Դրանցից են բնական հանքային ջրի տաք աղբյուրները (գեյզերներ), որոնք բխում են գետնի տակից, բռնկվում, իսկ հետո հանդարտվում: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:

Ջերմուկ քաղաքի ու նրան շրջապատող տարածքի ամբողջ գեղեցկությամբ կարելի է հիանալ քաղաքի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղուց, որի երկարությունը 1 կմ է, իսկ ամենաբարձր կետը գտնվում է 2480 մետրի վրա: Ճոպանուղին ունի 2 դահուկուղի, որոնք համարվում են կիսապրոֆեսիոնալ, ինչը թույլ է տալիս նաև միջազգային մրցարշավներ կազմակերպել:

Ջերմուկի մյուս տեսարժան վայրերից Արփա-Սևան թունելը, Կեչուտի ջրամբարը և «Մարգարտածաղիկ»-ը, որոնց մասին քաղաք այցելելիս պետք չէ մոռանալ:

Քաղաքը հարուստ է նաև հուշարձաններով, կա նաև պատկերասրահ՝ հարուստ ցուցանմուշներով: Քաղաքի կենտրոնում գործում է ժողովրդական վարպետների վերնիսաժ՝ նկարների ամենօրյա ցուցադրությամբ:

Ջերմուկ բնակավայրը հիշատակվում է դեռևս 13-րդ դարերից, սակայն քաղաքի հիմքը դրվել է միայն 1940-ականներին, երբ կառուցվում է առաջին առողջարանը: Հետո մեկը մյուսի հետևից կառուցվեցին առողջարանային համալիրներ, գործարաններ, բնակելի շենքեր ու սկսեց սկիզբ առնել քաղաքային կյանքը՝ լի խորհրդային հանրապետությունների տարբեր անկյուններից եկող զբոսաշրջիկներով, որոնք գալիս էին ոչ միայն բուժվելու, այլև հետաքրքիր հանգիստ անցկացնելու տարվա բոլոր եղանակներին: Մաքուր ու անարատ օդը, բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ շփումը ձևավորել են ջերմուկցու կերպարը, որը առաջին հերթին աչքի է ընկնում շռայլ հյուրասիրությամբ, ավանդապահությամբ, բարի ու բանաստեղծական տրամադրությամբ: Այսօր էլ քաղաքը մնում է իր որդեգրած սովորույթներին հավատարիմ՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կողք կողքի ապրելով, ժառանգել են աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկների սովորույթներն ու վարվելակերպը՝ ձևավորելով ջերմուկցիների կերպարները, որոնք քաղաքը լցնում են ջերմությամբ…


Posted February 28, 2023 by manukyantamara in category Զբոսաշրջային ռեսուրսներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*