December 20

Սև Սարի աստղագիտական հնավայրը

Հնավայրի ավերման վտանգը ցավոք սրտի, հատկապես վերջին տարիներին, հրատապ հարց է, քանի որ այս քարակոթողները դարձել են գերեզմանաքարերի արտադրամասի ուշադրության առարկան, ովքեր նույնիսկ հնավայրի քարակոթողներից նմուշներ են վերցրել: Այսպիսով հնավայրի ուսումնասիրությունը և ուշադրությունը տեղանքի նկատմամբ նաև կարող է դառնալ հնագույն աստղագիտական կենտրոնի պահպանման գրավականը:

 

Սև սարի աստղագիտական հնավայրը տեղադրված է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան վերջնամասի Սև Սար Կամ Սև Քար հրաբխի հյուսիսային լանջին, Մարտունի – Սելիմի լեռնանցքի ճանապարհի ձախ կողմում (ճանապարհից 3 կմ), 2600 մետր բարձրության վրա, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում:

 

Հնավայրը զբաղեցնում է մոտ 70 հեկտար տարածք, որտեղ գտնվում են աղբյուր, բազմաթիվ առանձին քարակոթողներ ժայռապատկերներով, խոշոր քարաբեկորներ, հնագույն բնակավայր՝ ստորգետնյա բնակարաններով և գերեզմանատուն ժայռապատկերային տապանաքարերով: Հնավայրի տարածքը այժմ օգտագործվում է որպես խոտհարք:

 

Երկրաբանական տեսակետից հնավայրը տեղադրված է Սև Սար կոչվող Չորրորդական ժամանակաշրջանում առաջացած հրաբխի հյուսիսային լանջին, հրաբխից արտավիժած բազալտային լավաների սարահարթի վրա: Սև Սար կոչվող հրաբուխը ժայթքել է վերին Չորրորդական ժամանակաշրջանում (մոտ 60 000 — 70 000 տարի առաջ), այն տեղադրված է երկրակեղևի խոշոր բեկվածքի վրա (տես Նկ. 3.), որի վրա են տեղադրված նաև Աժդահակ, Սպիտակասար, Արմաղան և Արատես հրաբուխները:

 

Սև Սարի աստղագիտական հնավայրը տեղադրված է մոտ 70 հեկտար տարածքի վրա, ըստ որում հնագիտական հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ նշված 70 հեկտարը և ավելին, որովհետև այս ամբողջ տարածքի հենց մակերեսից գտնվել են բազմաթիվ օբսիդիանային ու կայծքարային նետասլաքներ: Հնավայրի զարդն է կազմում վերը նշված կենտրոնական ժայռապատկերային կոթողը, որի մոտ 6 քառ. մետր մակերեսի վրա տեղադրված են բազմաթիվ պատկերներ (տես նկ 5): Սա մի առանձնահատուկ ժայռապատկեր է, որը իր տեսակով միակն է ամբողջ Հայկական լեռնաշխարհի մեզ հայտնի ժայռապատկերների մեջ թե իր մեծությամբ և թե առանձին պատկերների տեսակներով: Ժայռապատկերը իր կատարման տեխնիկայով գրեթե չի տարբերվում Գեղամա լեռների ու Սյունիքի լեռնաշխարհի ժայռապատկերներից, միայն այն տարբերությամբ, որ մեր այս ժայռապատկերի վրա գրեթե բացակայում են կենդանական պատկերները և հիմնականում ներկայացված են աստղագիտական սիմվոլներով:

Հնավայրի կենտրոնական քարակոթողի ուսումնասիրողներից դոկտոր-պրոֆեսոր Հարություն Մարտիրոսյանը կազմել է ժայռապատկերի սխեմատիկ գծագիրը։

Պետք է ասել, որ հայ հնագիտության մեջ արդեն 1965-1970 ական թվերից շրջանառվում է այս նկարը (Նկ. 6) որպես Սև Սարի կենտրոնական քարակոթողի ժայռապատկերի պատճենը,

սակայն ցավոք պետք է նշել, որ պատճենը արված է շատ լուրջ սխալներով (մասշտաբ, պատկերների տեղադրությունն իրար նկատմամբ), հաճախ աղավաղված են հենց առանձին պատկերները, որոնց պատճառով էլ հետագա ուսումնասիրողները հաճախ հայտնվում են թյուրիմացության մեջ:

 

Հասկանալի լինելու համար բերենք ժայռապատկերի Արևը պատկերող գծանկարի համեմատությունը մեր կողմից արված պատճենի հետ։