December 14

Ամանորը Բուլղարիայում💛

Ամանորը Բուլղարիայում, տոն, որը Բուլղարիայում՝ ըստ Գրիգորյան օրացույցի, նշվում է դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին։ Բուլղարիայում Նոր Տարին ավանդության համաձայն նշում են տունը։ Եթե տանը կա երեխա, ապա նա կանգնում է Նոր Տարվա տոնածառի մոտ և հյուրերի համար Նոր Տարվա երգեր է երգում։ Չնայած նրան, որ Բուլղարիան ուղղափառ երկիր է, Նոր տարին այնտեղ նշում են Գրիգորյան օրացույցի ժամանակագրությամբ, ի տարբերություն Ռուսաստանի։Նոր Տարվա նախաշեմին Բուլղարիայում նշվում է Սուրբ Բարսեղ Կեսարացիի տոնը կամ ավելի հայտնի է այն ինչպես «Սուրվակի»։ Որպեսզի Բուլղարիայում մարդիկ նշեն Նոր տարին, նրանց մոտ ընդունված է ամբողջովին նոր շորեր հագնել։Ինչպես Ռուսաստանում այնպես էլ Բուլղարիայում համարվում է, որ որքան հարուստ է Նոր Տարվա ընթրիք, այնքան հարուստ կլինի տարին։ Բուլղարիայում կա մի ավանդույթ, որ Նոր Տարվա նախաշեմին սեղանի կենտրոնում դնում են մի բոքոն հաց, որում դնում են մետաղադրամ։ Հետո հացը կտրում են և ամեն մի ընտանիքի անդամ որոնում է իր կտորում մետաղադրամը։ Գտնողին հաջողությունը ուղեկից կլինի մի ամբողջ եկող տարի։ Ավանդական կերակուրը բուլղարական Նոր տարում Բուլղարական Բանիցան է (պանրով կարկանդակ)։Բուլղարիայում կա ավանդույթ Նոր Տարվա սեղանի համար անակնկալ կանխատեսումները պահել տորթերում կամ կարկանդակներում։ Սեղանում դրվում է կարկանդակ, որում դրված են թղթիկներ ցանկություններով։ Այստեղ ցանկանում են և՛ առողջություն, և՛ հաջողություն, և՛ սեր, և ձեռքբերումներ։ Ամբողջ ընտանիքը ծիծաղում է, երբ իննսունամյա պապիկին ընկնում է «սեր», իսկ փոքրիկ երեխային՝ «հաջողություն աշխատատեղում»:Որոշ շրջաններում աղջիկները գուշակություններ են անում իրենց կողակցի համար կապելով մատանուն թել, որի մի ծայրը կապում են թփից։ Բուլղարացիների մոտ նաև ընդունված է մատանիներով թակել իրար, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանում՝ բաժակներով։Բուլղարիայում Ամանորի կապակցությամբ, երբ թակում են ժամերը, ամանդաբար 3 րոպեով լույսերը անջատվում են համբույրների համար։ Երբեմն բուլղարացինեևը նաև հայտարարում են մրցույթ՝ որ զույգը առավել երկար կհամբուրվի։ Այդպիսի գործողությունը անխտիր արտահայտում է սեփական սիրո, երջանկության և հաջողության ցանկությունը նոր տարվա ընթացքում։

На изображении может находиться: дом и на улице

Ամանոր - Wikiwand

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

December 14

Դիմում եմ պահանջելու պես💛

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜:

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպէ՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափութեամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափութեամբ
Ոչ թէ մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպէ՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկութեանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ…

Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մէկմէկու հինում,
Կարծես թէ հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդութեան,
Վասն մարդկային ոգու խենթութեան:

Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս:
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Բայց… այնպէ՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դէմ պարզերե՜ս անի…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այսպէ՛ս արի,
Եվ ոչ թէ այնպէ՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածային
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդութեան դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում…
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառէ գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերութեան նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմութեան քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապէ՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

December 14

Նոր տարի💛

Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,

Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի

Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից

Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,

Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,

Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,

Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,

Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես

Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։

December 14

Իրար նման տասնհինգ Ամանոր💛

Հնում Հայոց աշխարհը բաղկացած էր տասնհինգ փոքր աշխարհներից կամ նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփաց կողմ կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք, Այրարատ: Երբ տասնհինգ նահանգները միաձույլ էին ու հայախոս, Ամանորը Հայաստան էր մտնում նույն գիշերը: Բոլոր տասնհինգ նահանգներում նավասարդյան տոնախմբություններն սկսվում էին միաժամանակ: Հայը հաց է դրել հին ու նոր տարիների սահմանագլխին, կարմրահատ ցորենով ճարմանդել հին տարվա ավարտն ու նորի սկիզբը:

Բարձր Հայքում մի ճերմակ ցորնհաց էին թխում, կեսն ուտում հին տարում, կեսը՝ նոր տարում,որով կարծես խնդրում էին հայոց աստվածներին հնի պես հացառատ դարձել նաև Նոր տարին:

Ծոփաց կողմում ցորեն աղանձ էին անում, մի մասը ուտում, մյուսը՝ թափում գետի կամ առվակի մեջ՝  համարելով, որ նվիրում են անձրևի աստծուն՝ Նոր տարին ցորենաբեր դարձնելու  համար:

Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ ցորենաբլուր էին սարքում և ասում.

-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ բան կվերցնի և եկող տարի ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար  աշխատանքը:

Տուրուբերանում հին ու նոր տարիների սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի հոտով լցնում տունը:

Մոկքում Նոր տարվա սեղան նստելուց առաջ շինականը դաշտ էր գնում և մի քանի անգամ պտույտ տալիս իր արտի եզրերով, որով ուզում էր հավաստել, թե աստծու չափ երկրպագում է հողը, որի բարիքների  շնորհիվ է, որ մարդը մի տարուց անցնում է մյուս տարուն:

Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ է տալիս սենյակում ու Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ բաշխում տան անդամներին: Դրանով ուզում է ասել, որ Նոր  տարում աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի  օրնիբուն:

Պարսկահայքում Նոր տարում հացի խմորը հունցում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայքում ասում էին, թե երաշտ տարում Կապուտանը փոթորկվում է, նրա ցայտերը թռչում են երկինք և ապա անձրև դարձած թափվում տապից տոչովող արտերի վրա:

Վասպուրականում Նոր տարվա նախօրեին փակում էին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները: Նրանք կարծում էին, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է մի գավ գինի խմել, հարբել ու մոլորվել: Բայց հաշվի առնելով, որ Ամանորը երկար ճանապարհ է անցել և քաղցած կլինի՝ կարասների ու տիկների բերաններին մի-մի կտոր թարմ հաց էին դնում նրա համար:

Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է կծեն հացի նույն կտորից, այլապես աստված որոմնաշատ կդարձնի նրանց արտերը:

Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանիմեջ և դնում սեղանի վրա: Խաշելուց հատիկներն ուռչում ն և սովորականից երկու անգամ մեծ երևում:Արցախեցին դրանով հուշում էր աստվածներին, որ հաճելի կլիներ, եթե Նոր տարում ցորենի հատիկները խոշոր լինեին:

Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տանը եղած գարին գոմ էին տանում ու մի այնպիսի գաղտնի անկյունում թաքցնում, որ Ամանոր աստծո աչքով չընկնի և Նոր տարին ամբողջովին ցորենաբեր  դարձնի:

Ուտիքում մի կտոր հաց էին կախում տան շքամուտքի բիղխից  (դռան կամարի միջի քար)՝  ցանկանալով  հավաստել, որ ամենքը կարող են հյուրընկալվել և մի կտոր հաց անուշ անել:

Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները գործի գցած:

Տայքում Նոր տարվա նախօրեին բարձրանում էին մոտակա սարերը և ձեն տալիս.

-Ամանո՜ր, Ամանո՜ր , ճաշը պատրաստ՝ քեզ  ենք  սպասում:

Տայքում կարծում էին, թե Ամանորը կարող է ուշանալ, գուցե հոգնել և մի տեղ քնով է անցել, պետք է արթնացնել և տուն  հրավիրել:

Այրարատում համոզված էին, թե Նոր տարին, ձյունափայլ լավաշն ուսած, իջնում է Մասիսի կատարից, մտնում և հաց բաշխում նախ աշխատասեր մարդկանց  տներին, նոր մնացածը տալիս հարուստ  ծույլերին և ծույլ  աղքատներին: