December 11

Օշականի ճակատամարտ 💛

Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

 

1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժում է Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարում է Էջմիածնի եկեղեցին։ Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական ու վրացական կամավորներով օգնության հասնում է պաշարված վանքին ու չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավելի քանակին, կարողանում է ճեղքել հակառակորդի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվում է։ Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ է կրում։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում։

 

 

Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին և Լաչինովը։

 

Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն են  ունեցել այդ օրվա կիզիչ շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը։ Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը։ Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո։ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստում են ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները։ Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժում են ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն։

 

1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող է կանգնեցվում։

 

2011 թ. ապրիլի 19-ին տեղի է ունենում  Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»։

 

Հունիսի 15-ին  Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան, որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °C։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից։ Տենդերի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր։ Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում։ 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։

 

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ։

 

Հունիսի 21-ի գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսում են նախապատրաստել պարենը։

 

Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին իր զորաջոկատով շարժվում է դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և հասնում է է Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ,  որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար, և 700 հիվանդ զինվորներ։

 

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։ Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։

Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

 

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուճապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։  Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։

 

 

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց։

 

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը։ Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը։ Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին։ Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով։ Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը։ Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն։ Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը։ «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր։ Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ։ Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը։

 

Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր։ Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը։ Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը։ Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան։

 

Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։